Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

ՈՒՄ ՎՐԱ Է ՀՀԿ-Ն «ՔՐՏԻՆՔ ԹԱՓԵԼ»

ՈՒՄ ՎՐԱ Է ՀՀԿ-Ն «ՔՐՏԻՆՔ ԹԱՓԵԼ»
02.03.2012 | 00:00

«ԵՐԲ ՀԱՐԿ ԼԻՆԻ, ԿԽՈՍԵՆՔ»

ՎԱՀԵ ՀԱԿՈԲՅԱՆ
(ԱԺ ՀՀԿ խմբակցություն)

Այս քառօրյայում համամասնական-մեծամասնական ընտրակարգի քննարկման ժամանակ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը, դեմ արտահայտվելով մեծամասնական ընտրակարգին, խորհրդարանի ամբիոնից հարցրեց, թե, օրինակ, ով է լսել Սյունիքի ընտրողների ձայնը այս կամ այն հարցի շուրջ, ավելին, մեծամասնական ընտրատեղամասերում բնակչության գերակշիռ հատվածը չի ճանաչում իր պատգամավորին: Այս ելույթից հետո դահլիճում ներկա Վահե Հակոբյանը (Սյունիքի՝ 038 ընտրատարածքից ընտրված պատգամավոր) տեղից վեր թռավ, մատ թափ տվեց Սաֆարյանի ուղղությամբ և փորձեց «ռազբիրատ» սկսել, սակայն գործընկերների հորդորով սպասեց մինչև ընդմիջում ու բանավեճի բռնվեց ոչ միայն Սաֆարյանի, այլև Զարուհի Փոստանջյանի հետ: Երբ բորբոքված պատգամավորը «սրտի եկածն» ասաց-վերջացրեց, հետո մի քանի հարց ուղղեցինք նրան, նա, հարցը չլսելով, միանգամից արձագանքեց.
-90 տոկոս ձայն հավաքած պատգամավորին հնարավոր չէ տարածաշրջանում չճանաչեն: Դա աբսուրդ է: Եթե ճնշող մեծամասնության ձայները ստացել է, ավելորդ են նման մեկնաբանությունները: Չի կարելի անձնավորել:
-Ձեր անունը չհնչեց, հետո էլ միայն Դուք չեք Սյունիքի տարածաշրջանը ներկայացնում, ինչո՞ւ Ձեզ «վրա» վերցրիք:
-Սյունիքում կա երկու պատգամավոր, ասվածը գոնե 50 տոկոսով նաև ինձ է վերաբերում:
-Փաստորեն, նեղացել եք:
-Դա կոլեգաների նկատմամբ հարգալից վերաբերմունք չէ: Կարելի է համակարգը, ցանկացած օրենսդրական նախագիծ, երևույթ քննադատել, բայց աշխատանքային հարաբերություններում փորձել անձնավորել, դա կոռեկտ չէ, տգիտություն է:
-Գուցե նման տեսակետն անհի՞մն չի ձևավորվել: Երբևէ ամբիոնից Ձեր ձայնը չի լսվել (դաշնակցական պատգամավորը կասեր՝ «պուկ» չեն հանել):
-Եթե Դուք չգիտեք, ասեմ՝ ես դասախոսում եմ բարձրագույն ուսումնական հաստատությունում:
-Խոսքը ԱԺ ամբիոնի մասին է:
-ԱԺ ամբիոնում, երբ հարկ լինի, կխոսենք: Մեր կարծիքը միշտ էլ արտահայտել ենք հանձնաժողովներում, գործընկերների շրջապատում: Ամբիոնից բարձր խոսելով չի նշանակում աշխատանքն ավարտված է:
-Դուք համարում եք, որ այդ կերպ Սյունիքի բնակչության ձայնը լսելի՞ է դառնում:
-Միանշանակ լսելի է, և ես պատասխանատվություն եմ կրում այդ ձայնի համար:
-Հաջորդ խորհրդարանո՞ւմ էլ նույն կերպ «լսելի» կլինի:
-Այո, անպայման: Անկախ նրանից` ե՞ս կլինեմ, թե՞ ուրիշը: Սյունիքի ժողովուրդն այնքան հպարտ ու պահանջկոտ է, որ չի թողնի իր պատգամավորը հանգիստ շնչի, չաշխատի:
-Ձեր դեմքո՞վ ներկայացված կլինի Սյունիքը:
-Ձայն կտան՝ իմ, ձայն չեն տա՝ ուրիշի:

«ԲԱՆԸ «ՓՈՐ ԹԱՓԵԼՈՒՆ» ՉԻ ՀԱՍՆԻ»

ՌԱՖԻԿ ՊԵՏՐՈՍՅԱՆ
(ԱԺ ՀՀԿ խմբակցություն)

-Պարոն Պետրոսյան, ինչպե՞ս եք վերաբերվում այն իրողությանը, որ ՀՀԿ-ն որոշել է Ձեզ երիտասարդ թեկնածուով փոխել (նկատենք, որ ՀՀԿ-ն որոշել է 02 ընտրատարածքում սատարել Սամվել Ֆարմանյանին):
-Ես հրաժարվել եմ մեծամասնականով առաջադրվել, հույս ունենալով, որ կուսակցությունը, հաշվի առնելով, որ 3 անգամ մեծամասնականով ընտրվել ու աշխատել եմ, համամասնական ցուցակ կմտցնի: Ես չեմ հրաժարվել ընդհանրապես պատգամավոր լինելուց: Այս տարիքում էլ չեմ գնա բակերում կանգնեմ ու ասեմ՝ եկեք, ինձ ընտրեք:
-Կուսակցության համար չե՞ք «գնա բակեր»:
-Չէ, եթե մի անգամ հեռուստատեսությամբ ելույթ ունենամ և իմ ուսանողներին (մենակ 10 հազար շրջանավարտ ունեմ) ու բարեկամներին կոչ անեմ, նրանք կաշխատեն ՀՀԿ-ի օգտին: Բացի այդ, իմ գյուղում, որտեղ ծնվել եմ, մեծամասնությունը Պետրոսյան է:
-Փաստորեն, բոլորը մի կոչով կգնան ու կընտրե՞ն ՀՀԿ-ին:
-Չէ, գուցե այդ շրջանավարտների մի մասն արդեն ԲՀԿ է դարձել, բայց մեծամասնությունը, քանի որ իրավաբանական կրթություն ունի ու համապատասխան գերատեսչություններում է աշխատում, անկուսակցական է և կհարգի իր դասախոսի խոսքը: Այո, մեծ մասը հօգուտ ՀՀԿ-ի կքվեարկի:
-Փաստորեն, հույսն էլի վարչական ռեսուրսն է:
-Նրանց վրա աշխատանք, քրտինք ենք թափել, հետո էլ` թեկուզև վարչական ռեսուրսը լինի, ի՞նչ է որ, դա մեր ստեղծածն է: Այդպես որ նայենք, ողջ ժողովուրդը մեր ռեսուրսն է:
-Ընտրապայքարում հնարավոր կլինի՞ խուսափել կոալիցիոն մակարդակի «ռազբորկաներից», ծեծկռտուքներից:
-Լարվածություն անպայման լինելու է, ինչպես նախորդ անգամ: Արդեն այսօր մեծամասնական-համամասնական ընտրակարգի քվեարկության ժամանակ ԲՀԿ-ի մի մասը կողմ, մյուսը՝ դեմ քվեարկեց: Լարվածություն կլինի, բայց բանը «փոր թափելուն», կարծում եմ, չի հասնի:
-ԲՀԿ-ն վստահելի՞ կոալիցիոն գործընկեր է։
-Ինձ համար հաճելի չէ ԲՀԿ-ի այսօրվա նման քվեարկությունը: Եթե կոալիցիա է, ու հուշագիրը դեռ գործում է, ուրեմն պարտավոր էին հավատարիմ մնալ նրա ոգուն ու տառին:
-Հաջորդ խորհրդարանում կցանկանայի՞ք նույն ուժերի հետ կոալիցիա կազմել:
-Դա իմ ցանկանալով չէ, դա կորոշի կուսակցության ղեկավարությունը:
Ճեպազրույցը՝ Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

Դիտվել է՝ 1389

Մեկնաբանություններ